
Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իրավապահ կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել ընտրական գործընթացի շրջանակներում ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անձնական անվտանգության, ինչպես նաև ընտրություններին նրանց լիարժեք և իրավահավասար մասնակցության ապահովման խնդիրների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։ Մասնավորապես, քննարկվել են ՀՀ նախագահի թեկնածուների քաղաքական բնականոն գործունեության ապահովման սահմանադրաիրավական և միջազգային երաշխիքները, ինչպես նաև դրանց իրացմանն ուղղված պետության պարտավորությունների առավել գործուն և արդյունավետ կատարման հարցերը:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենը տեղեկություններ է ներկայացրել նաև ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող նախաքննության ընթացքի վերաբերյալ: ԱԱԾ տնօրենը նշել է, որ հանցագործության բացահայտման առումով արդեն առկա են որոշակի արդյունքներ, որոնք թույլ են տալիս հստակ քայլեր իրականացնել գործի բոլոր էական հանգամանքների հետագա պարզաբանման համար:
Հանրապետության Նախագահը գոհունակություն է հայտնել նշված գործով իրավապահ մարմինների կատարած աշխատանքի կապակցությամբ: