Վրաստանում Սաակաշվիլիի վաղաժամ հրաժարականի օգտին հավաքվել է 1.2 միլիոն ստորագրություն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ավելի քան 1.2 միլիոն քաղաքացի իր ստորագրությունն է դրել այն փաստաթղթի տակ, որում պահանջվում է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականը:
Այս մասին հայտարարել է «Համերաշխություն հանուն հանրային իրավունքի» հասարակական կազմակերպությունը: Ստորագրահավաքի մասնակիցները կարծում են, որ Սաակաշվիլիի լիազորությունների ժամկետը սպառվել է 2013 թվականի հունվարի 20-ին, խորհրդարանը պետք է ֆիքսի այդ փաստը և պետության ղեկավարի իրավունքները մինչև նախագահական նոր ընտրություններ պետք է ժամանակավորապես տրվի խորհրդարանի նախագահին:
Նշվում է, որ ստորագրահավաքը կազմակերպել են մի շարք հասարակական կազմակերպություններ, այն արդեն շարունակվում է 3 ամիս: Վրաստանում բնակվում է 4.5 միլիոն մարդ, որոնցից 3.613.000-ն ունեն ընտրելու իրավունք: Ստորագրահավաքը չունի իրավական ուժ, սակայն բազմաթիվ քաղաքական ու հասարակական գործիչների տվյալներով այն արտացոլում է բնակչության դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին այս երեկոյան ամենամյա զեկուցմամբ պետք է հանդես գա Թբիլիսիում գտնվող Ազգային գրադարարանում: Ընդդիմադիրները հավաքվել են շենքի մոտ, ձևավորել են այսպես կոչված «ամոթի միջանցք» և պնդում են, որ Սաակաշվիլին անցնի դրա միջով: