10 ամսում իրանական արտահանումը Եգիպտոս աճել է մոտ 1500 տոկոսով

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական ընթացիկ տարվա (սկսվել է 2012 թվականի մարտի վերջերից) առաջին 10 ամիսներին Իրանից արտահանման ծավալը Եգիպտոս աճել է 1500 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ:

Հաշվետու ժամանակահատվածում իրանական արտահանումը Եգիպտոս արժեքային արտահայտմամբ աճել է 1493.8 տոկոսով (329.8 միլիոն դոլար), իսկ կշռային արտահայտմամբ՝ 922.2 տոկոսով՝ հասնելով 342.000 տոննայի: Իրանը Եգիպտոս է արտահանել հիմնականում բութան և պրոպան, մեթանոլ, պիստակ, խաղող, խնձոր և մանր ծովախեցգետին:

Հիշեցնենք, որ Իրանի ու Եգիպտոսի միջև հարաբերությունները խզվել են ավելի քան 30 տարի առաջ, երբ 1979 թվականին Իրանում տեղի ունեցավ Իսլամական հեղափոխություն, իսկ Եգիպտոսն ապաստան հատկացրեց գահընկեց արված շահին:

Իրանի ու Եգիպտոսի միջև հարաբերությունների միջև ջերմացում սկսվեց երկու տարի առաջ Եգիպտոսում իրականացված հեղափոխությունից հետո, որը հանգեցրեց Հոսնի Մուբարաքի տապալմանը: Այս շաբաթ Իրանը եգիպտացի զբոսաշրջիկների ու գործարարների համար վերացրեց այցագրային ռեժիմը:

Տեսանյութեր

Լրահոս