Դումանյանը հացադուլավորի մոտ խնդիրներ է նկատել, բայց առանց ստուգումների ոչինչ չի կարող ասել (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելել էր նախագահի հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: «Պետք է տեղյակ պահեմ, որ եթե կյանքին վտանգ սպառնա, մենք առանց նաև Ձեր կարծիքը հաշվի առնելու՝ պարտավոր ենք Ձեզ հոսպիտալացնել»,- տեղեկացրեց Դումանյանը թեկնածուին: Ի պատասխան նախարարի` Ղուկասյանը նշեց, որ ինքը մտադիր չէ դադարեցնել հացադուլը:
Լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարարը նշեց, որ առաջին օրվանից հացադուլավոր թեկնածուին այցելել է բժիշկների խումբ և կատարել հետազոտություններ. արդյունքներին տեղյակ է պահվել նաև ինքը. «Պետք է ասեմ, որ այսօրվա նրա վիճակի մասին գնահատականը համապատասխանում է 19-րդ օրվա հացադուլ հայտարարած մարդու առողջական վիճակին, բայց, որպեսզի մենք ունենանք առավել ընդարձակ տեղեկություն, մենք պարտավոր ենք նրան ստացիոնար պայմաններում հետազոտել»:
168.am-ի հարցին` ի՞նչ փոփոխություններ են նկատվել Ղուկասյանի օրգանիզմում` Դումանյանը պատասխանեց. «Ես նման որևէ հարցի չեմ կարող պատասխանել, և ասեմ Ձեզ, եթե մենք հետազոտենք, այդ հետազոտություններն առաջին հերթին պարոն Ղուկասյանին պետք է ներկայացնենք և իր թույլտվության դեպքում միայն հասարակությանը տեղյակ պահենք դրա մասին»։
Դումանյանը կոչ արեց Անդրիաս Ղուկասյանին՝ դադարեցնել հացադուլը. «Ես կարծում եմ, որ մենք բոլորս էլ պետք է աշխատենք այնպես անել, որ պարոն Ղուկասյանն ընդհատի հացադուլը: Սա բոլոր գիտակից մարդկանց կոչը պետք է լինի, բայց քանի որ պարոն Ղուկասյանը նաև քաղաքական գործիչ է, և ինքը քաղաքական որոշում է կայացրել, ապա ինքը պետք է մտածի` այն դադարեցնե՞լ, թե՞ ոչ»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ արտաքուստ Անդրիաս Ղուկասյանի վիճակն այնքան էլ վատ չէ, Դումանյանը նշեց. «Դա հարաբերական է, որովհետև ես` որպես մասնագետ, զգացի, որ որոշ խնդիրներ արդեն կան, ես փոխանցեցի իրեն իմ մտահոգությունները, ինքը ևս հաստատեց, որ ինքը զգացել է այդ ամենը, բայց քանի որ մենք ստացիոնար պայմաններում չենք ստուգել, որևէ բան չենք կարող ասել: Պետք է ասեմ նաև, որ այս տեսանելի մասը թվացյալ է, բայց յուրաքանչյուր պահի կարող է ինքնագիտակցության վատացում նկատվել»:
Նշենք նաև, որ Դերենիկ Դումանյանի հետ Ղուկասյանին այցելության էր եկել նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը, Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամսար Բաբինյանը: