Հայրիկյանը 100%-ով դեռ չի որոշել` կդիմի՞ ՍԴ, թե՞ ոչ
Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի օգնական-գործընկեր Վրեժ Զատիկյանը 168.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ իրենք դեռ վերջնական որոշում չեն կայացրել Սահմանադրական դատարան դիմելու կապակցությամբ: Մեր դիտարկմանը, թե օրեր առաջ Պ. Հայրիկյանը հայտարարել էր ընտրությունները չհետաձգելու որոշման մասին, մինչդեռ այսօր կա որոշման փոփոխություն, և այդ մասին քիչ առաջ տեղեկատվություն էր տարածվել լրատվամիջոցներում, պրն Զատիկյանը պատասխանեց. «Ինքն ասել է` չի դիմելու ընդհանրապես ընտրությունները 40 օրով երկարացնելու համար, իսկ 15 օրով հետաձգելու մասին նա ասել է՝ առայժմ որոշվում է»: Հարցին, թե այս պահի դրությամբ կա՞ հստակ որոշում` արդյոք դիմելո՞ւ է Պ. Հայրիկյանը ՍԴ` հաշվի առնելով, որ News.am-ը քիչ առաջ տեղեկատվություն էր հրապարակել Հայրիկյանի` ՍԴ դիմելու որոշման մասին, Վ. Զատիկյանը պատասխանեց. «Դեռ չենք որոշել, բայց նման խոսակցություններ կան: Հիմա պետք է դա որոշվի: 100 տոկոսով դեռ չենք որոշել, մենք իրենց ասացինք, որ սպասում ենք փաստաբան գա, որ որոշենք: Հիմա դա ենք անում»: Վ. Զատիկյանը, սակայն, դժվարացավ ասել, թե ե՞րբ հստակ կլինի իրենց որոշումը, և ավելացրեց, որ երբ պատասխանը հստակ լինի, իրենք կհրապարակեն այդ մասին: