Ցուցարարները ցանկանում են Սաակաշվիլին անցկացնել «ամոթի միջանցքի» միջով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները Թբիլիսիում գտնվող Ազգային գրադարանի շենքի առջև կազմակերպել են յուրօրինակ «ամոթի միջանցք»:
Դա կապված է նրա հետ, որ այն բանից հետո, ինչ Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց լսել նախագահի տարեկան զեկույցը, Սաակաշվիլին հայտարարեց, որ այդ զեկուցումով, խորհրդարանի փոխարեն, հանդես կգա Ազգային գրադարանում: Դա տեղի է ունենալու այսօր երեկոյան:
Այս պահին Ազգային գրադարանի շենքի մոտ է հավաքվել մի քանի տասնյակ ցուցարար, որոնք մասնավորապես տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են և համաներմամբ ազատված քաղբանտարկյալներ: Նրանք հայտարարել են, որ թույլ չեն տա, որ Սաակաշվիլին հանգիստ տեղաշարժվի և հանգիստ ելույթ ունենա ժողովրդի առջև:
Նրանք պնդում են, որ Սաակաշվիլին պետք է անցնի հենց այդ «ամոթի միջանցքով»: Չնայած բողոքի ակցիային՝ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել ելույթ ունենալուց:
Ակցիայի մասնակիցները հիշեցնում են, որ Սաակաշվիլին երկրորդ անգամ նախագահ է դարձել 2008 թվականի հունվարի 20-ին, հետևաբար նրա նախագահության ժամկետը սպառվել է այս տարվա հունվարի 20-ին, և նա պետք է հրաժարական տա: Մինչդեռ ավելի վաղ կատարված սահմանադրական ուղղումների համաձայն, Վրաստանում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն հոկտեմբերին: