Բուժքույրը կդատվի ոտքով և ավելի բռնակով ծեծելու համար
«Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանում գործընկերոջ առողջությանը լուրջ վնաս պատճառելու համար այսօր դատարանի առջև է կանգնելու նույն կայանի բուժքույրը:
Արտաշատ քաղաքի բնակիչ Լիանուշ Համբարձումյանն աշխատել է «Արտաշատ» ԲԿ շտապօգնության կայանում` որպես բուժքույր-հեռախոսավար: Ինչպես պարզվել է քննությամբ, նա 2012թ. նոյեմբերի 15-ին գտնվելով աշխատավայրում, նոյեմբերի 8-ին իր հերթապահության ժամանակ շտապօգնության կայանի հավաքարար Գոհարիկ Բաղդասարյանի` հեռախոսազանգին ոչ պատշաճ պատասխանելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ:
Ոչ միայն վիճաբանել է, այլև դրա ընթացքում նրա հասցեին վիրավորական արտահայտություններ է կատարել, ոտքով և ավելի բռնակով դիտավորությամբ մի քանի անգամ հարվածներ հասցրել Գ.Բաղդասարյանին` պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Նշված արարքի համար բուժքրոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն քրեական գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև իրեն` հիշյալ քաղաքի բնակիչ Գոհարիկ Բաղդասարյանին: Ըստ մեղադրական եզրակացության, նա 08.11.2012թ. բուժքույր-հեռախոսավար Լ. Համբարձումյանի հերթապահության ժամանակ հեռախոսազանգին ոչ պատշաճ պատասխանելու հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ, որի ժամանակ կատարելով բռնի գործողություններ, դիտավորությամբ մեկ անգամ ապտակել է Լ. Համբարձումյանին և պատճառել ֆիզիկական ցավ: