Բաժիններ՝

Դեդ Հասանն իր վարձու մարդասպաններին ամսական վճարել է մինչև 25.000 դոլար «աշխատավարձ»

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Մոսկվայում սպանված «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) կլանի մասնակիցները կազմել են նրա թշնամիների «մահվան ցուցակ», որոնք կարող են մասնակից լինել Հասանի սպանությանը:

Օպերատիվ տվյալներով՝ այդ ցուցակում ընդգրկվել է երկու տասնյակ ազգանուն ու գողական մականուն, որոնք հիմնականում ադրբեջանական ու վրացական հանցավոր խմբերի ներկայացուցիչներ են: Նույն տվյալներով՝ «մահվան ցուցակում» ընդգրկվածներին հետևում են արհեստավարժ վարձու մարդասպանների մի շարք խմբեր:

Նրանք արդեն իսկ վերացրել են մի քանի «մահվան դատապարտվածի»՝ ներառյալ տվյալ ցուցակի առաջին տեղում գտնվող «ադրբեջանցիների» առաջնորդ Ռովշան Ջանիևին (Ռովշան Լենքորանսկի): Հատուկ ծառայություններում եղած աղբյուրը հայտնել է, որ «մահվան ցուցակը» կազմվել է դեռևս նախորդ տարեվերջին և Դեդ Հասանի սպանությունից հետո «ցուցակ 16-ը» որոշակի վերափոխումներ է ապրել և դրանում հայտնվեցին նոր անուններ:

Հատուկ ծառայությունների տվյալներով՝ վարձու մարդասպաններն արդեն իսկ ուղարկվել են նրանց հետևից: Աղբյուրի պնդմամբ՝ Դեդ Հասանն ունեցել է արհեստավարժ վարձու մարդասպանների մի քանի խմբեր, որոնցում ընդգրկված են եղել նախկին մարզիկներ ու իրավապահ մարմինների աշխատակիցներ: Այդ վարձու մարդասպաններն ամսական ստացել են 20.000-25.000 «աշխատավարձ», ինչպես նաև «պարգևավճարներ»՝ յուրաքանչյուր «պատվերի» կատարման համար:

Լիովին հնարավոր է, որ հենց նրանք են Ստամբուլում սպանել Ռովշան Ջանիևին: Թուրքիա զենք փոխադրելը բավականաչափ բարդ գործընթաց է, ինչի համար էլ շատ ավելի հեշտ էր նրա հետ տեղում հաշվեհարդար տեսնելը: Պետք չէ մոռանալ նաև Դեդ Հասանի ծագումը և նրա կապերը Թուրքիայի քրդերի հետ:

Հիշեցնենք, որ Ռովշան Ջանիևի եղբայրը հերքել է, թե նրան սպանել են Ստամբուլում՝ ընդգծելով, որ իր եղբայրը շարունակում է բնակվել ԱՄԷ-ում: «Օրենքով գողերի» մի մասն էլ կարծում է, որ Ջանիևն անձամբ է շրջանառության մեջ դրել իր սպանության մասին տեղեկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս