«Անդրիաս Ղուկասյանի կյանքին վտանգ սպառնալու դեպքում անմիջապես կհոսպիտալացնեն»

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելել է հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: Նախարարը մոտ 7 րոպե զրուցել է թեկնածուի հետ, այնուհետև առաջարկել է Ղուկասյանի ցանկությամբ, նրան հարմար որևէ կլինիկայում ՀՀ գլխավոր մասնագետների մասնակցությամբ կազմակերպել նրա առողջական վիճակի հետազոտությունը:

168.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ թեկնածուն և նախարարը որոշ ժամանակ առանձնազրույց են ունեցել, որից հետո Դ. Դումանյանը լրագրողներին տեղեկացրել է. «Մենք Անդրիաս Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ մոտ օրերս համալիր բուժքննություն կանցկացվի՝ նրա առողջական վիճակին գնահատական տալու համար: Բանը նրանում է, որ սկսած հացադուլի 20-րդ օրից,  օրգանիզմում կարող են տեղի ունենալ որոշակի լուրջ փոփոխություններ և մենք պարտավոր ենք ուսումնասիրել նրա առողջական վիճակը, գնահատական տալ և թեկնածուին տեղյակ պահել հնարավոր բարդացումներ լինելու ժամանակ ինչպիսի՞ միջոցառումներ կարող են լինել: Այս պայմաններում հնարավոր չէ նման հետազոտություն իրականացնելը, անհնարին է: Կան հետազոտություններ, որոնք պահանջում են լրացուցիչ գործիքային և այլ տիպի քննություններ և մենք պարտավոր ենք այն իրականացնել հիվանդանոցային պայմաններում: Ես պրն Ղուկասյանին խնդրեցի, որ նա առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում իրեն հարմար կլինիկայում կազմակերպենք հետազոտությունը՝ հանրապետության գլխավոր մասնագետների մասնակցությամբ: Ամենայն հավանականությամբ այսօր  մինչև օրվա  վերջ Անդրիաս Ղուկասյանը կասի այն կլինիկայի անունը, որտեղ կկկազմակերպենք հետազոտությունը»: Դ. Դումանյանը նաև տեղեկացրել է, որ Շտապօգնության ծառայության մեքենաները անընդհատ կլինեն Ա. Ղուկասյանի հացադուլի վայրում և նրա կյանքին վտանգ սպառնալու դեպքում անմիջապես նրան կհոսպիտալացնեն:

Տեսանյութեր

Լրահոս