Լևոն Զուրաբյան. «Սա Կոնգրեսի ներսում անկուսակցական անհատների և քաղաքական տարբեր ուժերի միջև ավելի սերտ կոնսոլիդացիա ստեղծելու փորձ է»

Երեկ՝ փետրվարի 7-ին, 28 անհատների կողմից հայտարարության ծանուցում է մուտքագրվել ՀՀ արդարադատության նախարարություն` «Հայ ազգային կոնգրես» անունով կուսակցություն ստեղծելու մասին: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:  Հիմնադիր համագումարը տեղի կունենա մարտի 22-ին,  Կառավարության նիստերի դահլիճում:

Փաստաթուղթը ստորագրել են հետևյալ անհատները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Լևոն Զուրաբյանը, Զոյա Թադևոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վահան Վարդապետյանը, Դավիթ Մաթևոսյանը, Ավետիս Ավագյանը, Վահագն Խաչատրյանը, Աշոտ Սարգսյանը, Արման Մուսինյանը, Վարդան Մալխասյանը, Վլադիմիր Կարապետյանը, Ավետ Պողոսյանը, Արշակ Բանուչյանը, Անահիտ Եղոյանը, Արմեն Օհանյանը, Արմեն Գրիգորյանը, Կարինե Դավոյանը, Սամվել Աբրահամյանը, ՀԱԿ մի խումբ երիտասարդներ, ակտիվիստներ և այլք:

«Շեշտում եմ, որ սա անհատների նախաձեռնություն է, և մենք, բնականաբար, հրավիրում ենք Կոնգրեսի մասնակից քաղաքական ուժերին՝ նույնպես միանալ այս հայտարարությանը: Սա Կոնգրեսի ներսում անկուսակցական անհատների և քաղաքական տարբեր ուժերի միջև ավելի սերտ կոնսոլիդացիա ստեղծելու փորձ է, որն ուղղված չէ խարխլելու ՀԱԿ դաշինքի գործունեությունը»,- ասել է Լևոն Զուրաբյանը: Վերջինս նաև ավելացրել է, որ ՀԱԿ կուսակցությունը մի հզոր և իր նախադեպը չունեցող դեմոկրատական և մասսայական կառույց պետք է լինի` ուղղված քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդմանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն օրերս հարցազրույցում հայտարարել էր, որ Կոնգրեսն այլևս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում: «Նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են»,- ասել էր նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս