
«Grammy» մրցանակաբաշխությունն՝ առանց արտահայտված մերկությունների

CBS հեռուստաընկերությունը Grammy միջազգային մրցանակաբաշխության մասնակիցներին խնդրել է զուսպ հագնվել: Ընկերությունն իր խնդրանքն էլեկտրոնային նամակի միջոցով ուղարկել է մրցանակաբաշխության բոլոր հավանական մասնակիցներին: Նամակում խնդրվում է կրել հնարավորինս փակ ու զուսպ հագուստներ՝ առանց արտահայտիչ բացվածքների: Այս մասին հայտնում է ռուսական wikinews.org կայքը, հավելելով, որ այս նախաձեռնության հիմքում ընկած է 2004թ. «դժբախտ պատահարը»: Կայքը գրում է, որ, ամենայն հավանականությամբ, այս նամակի հիմք է ծառայել 2004թ. ամերիկյան երգչուհի Ջենեթ Ջեքսոնի մերկ կուրծքը, որն ուղիղ եթերի ժամանակ տևական վայրկյաններ եղել է հեռուստաէկրաններին, ապա ամբողջությամբ մերկացել այն բանից հետո, երբ Ջասթին Թիմբերլեյքը քաշել է երգչուհու վերնազգեստից: Երեկոյի ընթացքում Ջենեթ Ջեքսոնը կատարել է իր «All for You» և «Rhythm Nation» երգերը, որից հետո նրան է միացել Ջասթին Թիմբերլեյքն՝ իր «Rock Your Body» երգով: Նշենք, որ այդ երգում հնչում էր «կցանկանայի, որ դու լինեիր մերկ այս երգի ավարտին» նախադասությունը: Ջ. Թիմբերլեյքը երգի ավարտին քաշել է Ջ. Ջեքսոնի վերնազգեստից և մերկացրել նրան: Համերգից հետո արտիստները ներողություն են խնդրել կատարվածի համար, իսկ Ջ. Ջեքսոնը կատարվածը որակել է դժբախտ պատահար՝ նշելով, որ սցենարով այդպես նախատեսված չի եղել: Հիշեցնենք, որ «Grammy» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կկայանա փետրվարի 10-ին: