
Արամ Մանուկյանը ՀՀՇ կուսակցության լուծարման տարբերակ չի տեսնում

Այսօր ԱԺ ճեպազրույցին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը լրագրողներին կոչ արեց շատ անդրադառնալ Ղարաբաղյան շարժմանը՝ նշելով, որ այդ շարժման մասնակիցները դեռ կենդանի են: Հարցին, թե անձամբ ինքը հակվա՞ծ է, որ ՀՀՇ-ն լուծարվի՝ հաշվի առնելով, որ օրեր առաջ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում ասել էր, որ ժամանակն է, որպեսզի Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) վերածվի կուսակցության, Ա. Մանուկյանը պատասխանեց. «Ոչ, ասեմ ՝ ինչո՞ւ: Լուծարման տարբերակը նշանակում է՝ գիծ գցել քո անցյալի և ապագայի միջև: Դա նշանակում է՝ քո բոլոր պարտավորությունները և պարտականությունները`ծրագրային, քաղաքական, իրավաբանական, մի կողմ ես դնում և անցնում ես նոր գծի: Մեզ համար կա ուրիշ շատ ավելի կարևոր արժեք. դա միջազգային կառույցներին անդամագրությունն է: Հայոց համազգային շարժումը երեք միջազգային կառույցների լիիրավ անդամ է: Սա աննախադեպ երևույթ է հայաստանյան քաղաքական դաշտում»: Ա.Մանուկյանի խոսքով`եթե իրենք ընտրեն կուսակցության լուծարման ճանապարհը, ապա իրենց ունեցած պարտավորություններից ու Եվրոպայում ունեցած արտոնություններից կզրկվեն: Ըստ նրա՝ դրանք այն եվրոպական քաղաքական կուսակցություններն են, որոնք մեծագույն գործ են արել Հայաստանի քաղբանտարկյալների համար: «Ես հակված եմ, որ վերակազմավորման պրոցեսով գնանք: Դա, բնականաբար,կախված կլինի նաև մնացած քաղաքական ուժերից, այն անհատներից, որոնք կուզեն մտնել այդ կառույցի մեջ: Բայց իմ մոտեցումն այսպիսին է՝ պահպանել՝ որպես հայկական երկրի հայկական քաղաքականությունն՝ արժեք, Հայոց համազգային շարժման ունեցածը՝ բոլոր առումներով»,- ասաց ՀԱԿ պատգամավորը՝ ավելացնելով, որ այս պահին կա բովանդակային խնդիր՝ ստեղծել նոր կուսակցական միավոր՝ ավելի լայն, ընդարձակ ֆորմատով, որը կշարունակի շարժումը: Նա նաև նշեց, որ որպես այդ կուսակցության նախագահ՝ տեսնում է Լ. Տեր-Պետրոսյանին: Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի՝ երեկ արած այն հայտարարությունը, որ պատրաստվում է նոր Հայոց համազգային շարժում ստեղծել, Ա. Մանուկյանը պատասխանել է. «Շատ կարճ`չեմ մեկնաբանում»: