ԿԸՀ-ի հորդորը չի ազդի Ա. Ղուկասյանի որոշման վրա. նա կշարունակի հացադուլը
Հացադուլի 19-րդ օրը ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իրեն լավ է զգում: 168.am-ի հետ զրույցում թեկնածուի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը հավաստիացրեց, որ Ղուկասյանի ինքնազգացողությունը լավ է, գիշերը նորմալ է անցել՝ առանց որևէ միջադեպի: Արմեն Գրիգորյանը նշեց, որ առավոտվա տվյալներով՝ թեկնածուի արյան ճնշումը 110/70 էր՝ ինչը խոսում է նրա լավ ինքնազգացողության մասին:
Անդրադառնալով ԿԸՀ հորդորին՝ դադարեցնել հացադուլը, Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ թեկնածուն կոչին դրական է վերաբերվում, բայց շարունակելու է հացադուլը: «ԿԸՀ-ի հայտարարությունն ազդեցություն Անդրիաս Ղուկասյանի որոշման վրա չի ունենա. նա կշարունակի հացադուլը»,- վստահեցրեց թեկնածուի շտաբի համակարգողը:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն իր մտահոգությունն էր հայտնել Ա. Ղուկասյանի հացադուլի շարունակման վերաբերյալ, հատկապես նկատի ունենալով վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը` կապված պարոն Ղուկասյանի առողջական վիճակի վատթարացման հետ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մտահոգ լինելով Հանրապետության Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով` հորդորում ենք պարոն Ղուկասյանին դադարեցնել հացադուլը և ձեռնարկել քայլեր առողջական վիճակի բարդացումներից խուսափելու համար: Միաժամանակ, դիմում ենք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հանրապետության Նախագահի թեկնածուի առողջական վիճակը անհապաղ դարձնել մասնագիտական քննարկման առարկա և հայտնել մասնագիտական կարծիք»: