Եմենի նախագահն Ահմադինեժադին կոչ է արել զենք չմատակարարել ապստամբներին
Ամերիկյան The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Խադին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը երկրում գործող ապստամբներին:
Եմենի իշխանությունները հունվարի վերջին Արաբական ծովում կալանել էին տարբեր երկրների դրոշներով երթևեկող մի նավ, որում ի թիվս այլ բաների, հայտնաբերվել էին նաև նռնականետեր և զենիթա-հրթիռային համալիրների համար նախատեսված հրթիռներ:
Եմենի հատուկ ծառայությունները վստահեցնում են, որ այդ զենքը բերվել է Իրանից և նախատեսված է եղել երկրում գործող զինյալների համար: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ը հերքել է, որ Իրանն աջակցում է Եմենի անջատողականներին: