
Սիրիացի ցանցահենները կոտրել են սոցցանցերում Sky News Arabia-ի էջերը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իշխող վարչակարգի աջակցությունը վայելող սիրիացի ցանցահենների խումբը կոտրել է Facebook և Twitter սոցցանցերում ԱՄԷ-ում բազավորված Sky News Arabia-ի էջերը:
Հարձակումն իրականացրել է այսպես կոչված «Սիրիական էլեկտրոնային բանակը»:
Հարձակումը գրանցվել է չորեքշաբթի, ինչից մեկ օր անց հաջողվել է չեզոքացնել դրա հետևանքները: Հեռուստաալիքի աշխատակիցները հայտարարել են, որ իրենք ձեռնարկել են նախազգուշական միջոցներ՝ IT բոլոր համակարգերի անվտանգության ապահովման համար:
«Սիրիական էլեկտրոնային բանակն» իր կայքում հայտարարել է, որ զբաղված է կայքերի կոտրմամբ՝ որպես բողոքի նշան՝ օտար ԶԼՄ-ների կողմից կանխակալ ձևով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ներկայացնելու դեմ: