
Ընտրողների թիվը 10 օրում պակասել է 1122-ով

ՀՀ Ոստիկանության հաղորդագրության համաձայն, քվեարկության օրվանից 10 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2 505 882։ Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ընտրողների թիվը 2 507 004 էր։
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը:
Այսպես, քվեարկության օրվանից 10 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2.505.882, որից.
– այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 2865.
– Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 111.
-քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 130.
– ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 68: