Թուրքիան շարունակելու է իրանական գազի ներկրման գործընթացը. Թաներ Յըլդըզ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է Իրանից ածխաջրածինների ներկրման գործընթացը՝ չնայած երկու երկրների միջև գոյություն ունեցող մի շարք տարաձայնություններին.
«Թուրքիան ու Իրանը եղբայրական երկրներ են: Մի շարք հարցերում մեր հայացքները կարող են չհամընկնել, սակայն դա ոչ մի կերպ չի ազդում էներգետիկ ոլորտում մեր համագործակցության վրա: Թուրքիան իր մոտ սպառվող բնական գազի 20 տոկոսը ներկրում է Իրանից: Այդ պատճառով էլ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն ազդի այդ երկրից գազի ներկման վրա»:
Նշվում է, որ սրանից առաջ էլ Թաներ Յըլդըզը հայտարարել էր, թե Թուրքիան մտադիր է մինչև 2013 թվականի վերջը հրաժարվել «վերցրու կամ վճարի» (take-or-pay) սկզբունքով Ադրբեջանի ու Իրանի հետ կնքված գազային պայմանագրերից, իսկ Ռուսաստանի պարագայում դա պետք է տեղի ունենար 2013 թվականի սկզբին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտին իրանական գազի գնից դժգոհ Թուրքիան դիմել էր Միջազգային միջնորդ դատարան՝ իրանական գազի գինը վիճարկելու համար: