Բաժիններ՝

Վարդանյանների ընտանիքը չի արտագաղթելու և ընտրելու է գործող նախագահին

Մենք ունենք գործարան Ռուսաստանում (Պյատիգորսկ), Վրաստանում (Թբիլիսի), կառուցում ենք գործարան Կանադայում, նախատեսում ենք արտադրություն սկսել Դուբայում, սակայն Վարդանյանների ընտանիքի արտագաղթելու մասին խոսք անգամ չկա։ Ըստ Մեդիամաքսի, այսօր այս մասին ասել է Գրանդ Հոլդինգի նախագահ Հրանտ Վարդանյանը:

Նա ասել է, որ արտերկրում գործունեության ծավալումը բիզնեսի տրամաբանական զարգացման արդյունք է և խոսում է Հոլդինգի հաջող գործունեության և ոչ թե Հայաստանի բիզնես-կլիմայի՝ անբարենպաստ լինելու մասին:

«Ես անընդհատ քննադատում եմ կառավարությանը, և դա նորմալ է: Ինչպես ես ինքս, այնպես էլ նրանք հաճախ սխալվում են, ինչը բնական է: Կարևորն այստեղ այն է, որ մենք արդյունքում գալիս ենք ընդհանուր հայտարարի»,- ասել է գործարարը:

Անդրադառնալով Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին` Հրանտ Վարդանյանը խստորեն քննադատել է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը, ասելով, որ «ցանկացած այլ երկիր միայն հպարտ կլիներ` ունենալով նման հայրենասեր քաղաքացի»:

Կարդացեք նաև

Դրա հետ մեկտեղ նա ասել է, որ ինքը և իր ընտանիքի անդամները գալիք նախագահական ընտրություններում ընտրելու են գործող նախագահին:

Գրանդ Հոլդինգի կազմի մեջ են մտնում ծխախոտի հայաստանյան խոշորագույն արտադրողներ Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, Գրանդ Տոբակոն, հրուշակեղենի խոշորագույն արտադրող Գրանդ Քենդին ու ևս 8 ընկերություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս