Սեդա Ազնավուր. «Մենք` Ազնավուրներս, երբեք ոչ մի ուրիշ կրոնով չենք փոխի այն հավատքը, որ մեր արյան մեջ է»
Օրեր առաջ լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, թե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Կատի Ազնավուրն իսլամ է ընդունել: Նշվում էր, թե Կատի Ազնավուրն` ամուսնանալով մարոկկացու հետ, որոշել է կրոնափոխ լինել: Համացանցն այս լուրից հետո ողողվեց Ազնավուրի ընտանիքին դատապարտող և ամոթանք տվող հայտարարություններով: Այսօր, սակայն, Շ. Ազնավուրի մյուս դուստրը՝ երգչուհի Սեդա Ազնավուրը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ հայտարարել ֆեյսբուքյան բոլոր իմ ընկերներին, որ մենք` Ազնավուրներս, արմատներով հայ ենք, ուստի ծնվել ենք քրիստոնյա, ավելի ստույգ` ուղղափառ գրիգորյաններ (GRÉGORIENS ORTHODOXES): Չմոռանանք, որ հայերն առաջին քրիստոնյա ազգերից են, և, որ մեր նախնիները մահացել են իրենց հավատքի համար: Մենք հպարտ ենք, որ մասնիկն ենք մի ժողովրդի, ով մինչ օրս պայքարում է իր արմատներն անբասիր պահելու համար: Ուստի պետք չէ միշտ հավատալ այն ամենին, ինչ գրում են թերթերում: Մենք` Ազնավուրներս, երբեք ոչ մի ուրիշ կրոնով չենք փոխի այն հավատքը, որ մեր արյան մեջ է: Անհասկանալի է` ինչպե°ս կժխտենք այն ժառանգությունը, որից ջերմորեն կառչում ենք: Հորս նման մարդը գրել է «Ավե Մարիա», կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է»: