Սերժ Սարգսյանը հորդորեց անձնագրեր չհավաքել
Երեկ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այցելեց Արմավիրի մարզ։ Արմավիրի մշակույթի տան դիմաց գտնվող հրապարակում նախորդ օրը տեղի էր ունեցել ընտրողների հանդիպումը նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Հրանտ Բագրատյանի հետ։
Այդ ժամանակ հրապարակում ընդամենը 100 մարդ էր հավաքվել։ Մինչդեռ երեկվա հանդիպմանը ներկա էին մի քանի հազար արմավիրցիներ՝ իրենց գյուղերի անուններով ցուցապաստառներով և «Դեպի ապահով Հայաստան» դրոշներով։
Հանդիպումը նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ նախատեսված էր 16։00-ին, սակայն այն տեղի ունեցավ գրեթե մեկ ու կես ժամ ուշացումով։ Բայց Ավետ Բարսեղյանը և Նազենի Հովհաննիսյանը փորձեցին ինչ-որ կերպ զբաղեցնել արմավիրցիներին։ Երգում էին հայկական էստրադայի աստղերը։ Բայց հավաքվածներն այնքան անտարբեր էին այդ երգի ու երաժշտության նկատմամբ, որ Նազենի Հովհաննիսյանը յուրաքանչյուր երգչին ներկայացնելիս և բեմից ճանապարհելիս նեղսրտում էր, թե ինչո՞ւ են մարդիկ այդ աստիճան պասիվ, չեն ծափահարում և ոգևորում երգիչներին։ Նա նույնիսկ հայտարարեց, թե կապ չունի` ինչ առիթով է երգիչը բեմ բարձրանում, նրան ոգևորում է հանդիսատեսի վերաբերմունքը։ Նազենին երևի չգիտեր, որ այդ մարդիկ հավաքվել են ոչ թե երգ ու երաժշտություն, այլ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթն ունկնդրելու։
Ի վերջո, Սերժ Սարգսյանը եկավ։ Նա ասաց, որ եթե մարդիկ եկել են, հավաքվել են այդ հրապարակում, ապա վստահում են իրեն, և խոստացավ չչարաշահել նրանց վստահությունը։ Ինչպես բոլոր հանդիպումների ժամանակ, նա խոսեց արդար և ազատ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Նախագահ Սերժ Սարգսյանին ևս տեղեկություններ են հասել, որ «Իբրև թե անձնագրեր են հավաքում, որ իբրև թե դասախոսները լսարաններում քարոզչությամբ են զբաղվում»։ Սերժ Սարգսյանը շատ կոպիտ զգուշացրեց, որ եթե այդ խոսակցությունների նույնիսկ 1 տոկոսն էլ ճիշտ է, ապա դա իրենց պետք չէ։ Սերժ Սարգսյանը որերորդ անգամ կրկնեց, որ Հայաստանը միջազգային հանրության անդամ է, այդ հանրության հետ սերտ համագործակցության մեջ է, և պետք է անցկացնել միջազգային հանրության համար ընդունելի ընտրություններ։ Հրապարակում հավաքվածների մեջ կարող էին լինել և դասախոսներ, և ուսանողներ, ինչպես նաև պոտենցիալ անձնագրեր հավաքողներ, և կարելի է հույս ունենալ, որ եթե նրանք մինչև Սերժ Սարգսյանի հայտարարությունն անգամ նման սխալներ թույլ տվել են, ապա երեկվանից այլևս նման բան չեն անի, իսկ եթե տեսնեն էլ, որ որևէ մեկը նման բան է անում, ապա անպայման կկանխեն։
Սերժ Սարգսյանը չխուսափեց կոնկրետ շփումներից։ Երբ նա անցնում էր մարդկանց շարքերի միջով, հավաքվածներից մեկն աղերսագին բղավեց. «Պարոն նախագահ»։ Սերժ Սարգսյանը, որ գնում էր Արմավիրի մարզպետի, քաղաքապետի, զորավար Մանվել Գրիգորյանի և գեներալ Սեյրան Սարոյանի և այլ պատգամավորների և պաշտոնյաների ուղեկցությամբ, մի պահ կանգ առավ։ Գրիբոյեդով գյուղի բնակիչ Մասիսը նախագահին ուղեկցել էր նրա արմավիրյան այցի ամբողջ ընթացքում՝ հույս ունենալով իր խնդիրը ներկայացնել նրան։ Ի վերջո, նախագահը լսեց նրան։ Մասիսը յոթ ամիս առաջ իր աճեցրած պոմիդորը հանձնել է Արտաշատի պահածոների գործարանին՝ 750 հազար դրամ արժեքով, սակայն անցած ամիսների ընթացքում կարողացել է ստանալ միայն 500 հազար դրամը։ Մասիսը վրդովված պատմում էր, որ ինքը բանկերից վարկեր ունի վերցրած, որ իր տունը գրավի տակ է։ Նա նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին պատմում էր, որ երբ գյուղացին բանկին 10 հազար դրամ է պարտք լինում, հարկադիրից գալիս և խլում են նրա ունեցվածքը, իսկ երբ գործարաններն են գյուղացուն պարտք, գյուղացին չգիտի` ինչպես ստանալ իր գումարը, կամ ով է դրա համար պատասխանատու։ Նախագահ Սարգսյանը խոստացավ օգնել գրիբոյեդովցի Մասիսին. երբ նա հեռացավ` նախագահի օգնականն իր մոտ եղած թղթի վրա գրեց նրա անուն-ազգանունը, հեռախոսահամարը և խոստացավ, որ առաջիկայում ինքն այդ գումարը կստանա։ Բայց Մասիսը չէր կարողանում զսպել իր հուզմունքը. «Լավ, իմ հարցը լուծեցիք, բա մյուսների՞նը։ Կամ այս տարի քարոզարշավ էր՝ կարողացա նախագահին հասնել, մյուս հինգ տարիներին ի՞նչ ենք անելու, ո՞ւմ ենք դիմելու մեր գումարը ստանալու համար»։ Նախագահի օգնականն էլ բացատրում էր, որ ինքն ընդամենը նախագահի օգնական է և այդ հարցերին չի կարող պատասխանել, գիտի միայն, որ պետությունն էլ գործարանների սեփականատերերին արտոնյալ վարկեր է տալիս, որ նրանք էլ գյուղացիներին վճարեն։ «Իսկ ինչի՞ չեն վճարում». այս հարցը ևս մնաց անպատասխան։
Մասիսը կարող է իրեն երջանիկ զգալ. նա այն քչերից է, ում հաջողվեց մոտենալ նախագահին և ներկայացնել իր խնդիրը։ Մասիսի օրինակից ոգևորված՝ շատերը փորձեցին մոտենալ նախագահ Սարգսյանին, բայց թիկնազորի կուռ շրջանակը դա թույլ չտվեց։
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռացավ, և համերգը շարունակվեց։ Նազենի Հովհաննիսյանը ներկայացրեց հերթական երգչին։ Բայց հրապարակը վայրկյանապես դատարկվեց։ Քանի որ, ինչպես նշել էինք, մարդիկ համերգի տրամադրություն չունեին, նրանք եկել էին Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը։