
ՀՀՇ-ն կլուծարվի՞

ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերից ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության»: ՀՀՇ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, բնականաբար, դրական է գնահատում Տեր-Պետրոսյանի այդ առաջարկը. «Դրական, կարծում եմ՝ շատ ադեկվատ քայլ է լինելու ստեղծված քաղաքական իրավիճակում: Հատկապես ընտրություններից հետո Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է լինելու, և ընդդիմադիր ֆորմատն ավելի կուռ կառույց է դառնում այդ դեպքում, ավելի կոնկրետ պատասխանատվություն կրող կառույց՝ ինքն իրավունք ունի արձագանքելու դրական կամ բացասական… Մասնավորապես, ՀՀՇ-ն կքննակի և՛ տարածքային կառույցներում, և՛ ՀՀՇ վարչությունում, և՛ խորհրդում, և արձագանք կտա»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նա: Ըստ Ա. Մանուկյանի՝ այդ հարցը չի քննարկվել կուսակցությունների հետ: Հարցին, թե ո՞ւմ էր, այնուամենայնիվ, ուղղված այդ ուղերձը, ՀԱԿ պատգամավորը պատասխանել է. «Ովքեր կարձագանքեն. բոլոր անհատները, բոլոր կուսակցությունները, բոլոր հասարակական կառույցները, որոնք կգտնեն հարմար՝ կարող են արձագանքել»: