Հայրիկյանին արգելել են 2-3 օր տեղաշարժվել

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, պարզվում է, դեռ ամբողջովին չի ապաքինվել: Գիշերը թեկնածուն ցավեր է ունեցել ձեռքի շրջանում ու ողջ գիշեր չի կարողացել քնել. «Առաջին օրվանից ձեռքը թմրած է եղել: Սկզբում որոշվեց, որ փամփուշտի հարվածից է ձեռքը վնասվել, որ շուտով կլավանա, բայց լավանալու փոխարեն՝ ցավեր սկսվեցին անգամ ամբողջ ձեռքի շրջանում՝ ուսից մինչև մատները: Ցավն այնքան անտանելի է եղել, որ գիշերը չի կարողացել քնել, բժիշկները ցավազրկմամբ են փորձել մեղմացնել»,- 168.am-ի հետ զրույցում քիչ առաջ ասել էր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի անդամ, նրա մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանը:

168.am-ը Կ. Եղնուկյանից հետաքրքրվեց, թե վիճակը կարո՞ղ է ազդել Պարույր Հայրիկյանի ՍԴ չդիմելու որոշման վրա, թե՞ ոչ: Մեր հարցին ի պատասխան՝ Կարո Եղնուկյանն ասաց, որ Հայրիկյանի առողջական վիճակը ՍԴ դիմելու միակ պատճառը լինել չի կարող: Նա հիշեցրեց իրենց կողմից երեքշաբթի օրն արված հայտարարությունը, այն է՝ «թեկնածու Հայրիկյանն այժմ չի դիմելու Սահմանադրական դատարան»:

Իսկ ի՞նչ է նշանակում՝ «այժմ չի դիմելու» արտահայտությունը: Կ. Եղնուկյանն այսպես մեկնաբանեց.   ««Այժմ չի դիմի»-ն մենք բացատրեցինք հետևյալ երկու պատճառներով: Երբ ասացինք, որ այժմ չենք դիմելու ՍԴ, ֆիզիկական պատճառը դրա մեջ չէր էլ մտնում, որովհետև երեքշաբթի օրը ձեռքը դեռ թմրած էր, չնայած՝ չէր օգտագործում, բայց նրան չէր խանգարում: Ֆիզիկական վիճակը հետո մեջտեղ եկավ: Մենք հայտարարեցինք, որ եթե մեր ընդդիմադիրները գտնում են, որ ճիշտ կլինի, եթե Հայրիկյանը հետաձգի, մենք իրենց հրավիրեցինք բանակցելու, մեզ համոզելու, թե ինչո՞ւ պետք է Հայրիկյանը հետաձգի ընտրությունները: Եթե մենք գտնեինք, որ իրենց կողմից բերված փաստարկները լիովին ճիշտ են, մենք կփոխեինք մեր նախնական որոշումը: Բայց սա չեղավ, ընդդիմադիրները սա չարեցին: Ավելին՝ Բագրատյանը հայտարարեց, որ ինքը կդիմի ՍԴ և ինքը կհետաձգի ընտրությունները»:

Ըստ Եղնուկյանի՝ երկրորդ պայմանը, թե ինչո՞ւ հայտարարվեց, որ Պարույր Հայրիկյանն այժմ չի դիմի ՍԴ՝  կախված էր պատկան մարմինների աշխատանքից և նրանց պաշտոնական հայտարարությունից՝ կապված գործի բացահայտման հետ: «Պատկան մարմինների կողմից հայտարարություն դեռ չի արվել: Մենք հուսով ենք, որ մոտակա օրերում, եթե ոչ՝ գործի ամբողջական բացահայտում, ապա՝ գոնե մասնակի վարկածներ մենք կստանանք: Պատկերացրեք, փոխանակ մենք վերսկսենք ընտրարշավը, քարոզենք մեր թեկնածուի նպատակները, գաղափարները, մենք ստիպված ենք լինում ժխտել վարկածները ու ըստ այդմ զբաղվում ենք անիմաստ էներգիայի վատնմամբ: Իսկ սա կարող է կանխվել պատկան մարմինների հայտարարությամբ միայն»,- մասնավորեցրեց նա:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե ո՞րն է պատճառը, որ պաշտոնական վարկած դեռևս չի հրապարակվել, Հայրիկյանի մտերիմ ընկերը պատասխանեց. «Ես միայն գիտեմ, որ Ոստիկանությունն ամեն ինչ անում է: Բայց, թե ինչո՞ւ հայտարարությունը չի արվում՝ ես չգիտեմ»:

Կ. Եղնուկյանը տեղեկացրեց նաև, որ բժիշկները Պ. Հայրիկյանին երկու-երեք օր արգելել են տեղաշարժվել, ինչի հետևանքով թեկնածուն ստիպված է եղել տեղափոխել բոլոր պլանավորած հանդիպումները:

Ի դեպ, սոցիալական ցանցերում շատ-շատերն արդեն Պ. Հայրիկյանի հետ կատարվածը բնորոշում են՝ որպես «թատերականացված էժանագին բեմադրություն»:  Ֆեյսբուքի օգտատերերից մեկը՝ Արմեն Առաքելյանն, այս կապակցությամբ գրել է. «Էս Հայրիկյանն արդեն զզվացրեց իրա ֆոկուսներով։ Հիմա էլ ինչ-որ թազա պատճառ ա ակնարկում, համաձայն որի՝ ստիպված կարող է դիմել ՍԴ, որպեսզի ընտրությունները հետաձգվեն։ Բանն այն է, որ բացի նրանից, որ նա դեռ ցավեր ունի, նաև վնասվել է նրա նյարդերից մեկը, ինչի պատճառով նա չի կարողանում մատները լավ շարժի, իսկ քանի որ դա նշանակում է, որ չի կարող պատասխանել իրեն ուղղված նամակներին, կարող է այնուամենայնիվ դիմել ՍԴ…

Տո ասա, այ Անորսալի Ջո, դու ո՞ւմ էիր պետք, եթե չլիներ մահափորձը, որ մի հատ էլ քեզ նամակներ գրեն, կամ էլ թե չէ՝ էս ո՞ր դարն ա, որ նամակներին չես կարողանում պատասխանել։  Այ քեզ բան, մի հատ օգնական պահի, ով քո թելադրածը թղթին կհանձնի։ Էս ա, էլի, էժանագին թատերական ներկայացում՝ ծայրից ծայր»։

Թատերագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար, Թատերական քննադատների համաշխարհային ասոցիացիայի նախագահության անդամ Լևոն Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջին օրեր առաջ գրել էր. «Հոլիվուդը Պարույր Հայրիկյանին հրավիրել է նկարահանվելու «Բեթմենն ու բլեֆը» նոր արկածային ֆիլմում… Կասկադյորներ չեն պահանջվում, Հայրիկյանը իր վրա է վերցրել բոլոր բարդ տրյուկների կատարումը…»:

լուսանկարը՝ News.am-ի

Տեսանյութեր

Լրահոս