Ցավն այնքան անտանելի է եղել, որ Հայրիկյանը գիշերը չի քնել
ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը լավ է: Թեկնածուն պարզապես ցավեր է ունեցել աջ ձեռքի թմրածության հետևանքով: Այս մասին 168.am-ին հայտնեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի անդամ, նրա մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանը: «Առաջին օրվանից ձեռքը թմրած է եղել: Սկզբում որոշվեց, որ փամփուշտի հարվածից է ձեռքը վնասվել, որ շուտով կլավանա, բայց լավանալու փոխարեն՝ ցավեր սկսվեցին անգամ ամբողջ ձեռքի շրջանում՝ ուսից մինչև մատները: Ցավն այնքան անտանելի է եղել, որ գիշերը չի կարողացել քնել, բժիշկները ցավազրկմամբ են փորձել մեղմացնել»,- ասաց Կարո Եղնուկյանը:
Մենք հարցին, թե ի՞նչ են ասում բժիշկները, ձեռքի ցավերը ե՞րբ կապաքինվեն, Կ. Եղնուկյանը պատասխանեց. «Բժիշկներն էլ հիմա դժվարանում են պատասխանել այս հարցին: Ասում են՝ բուժումը գուցե ամիսներ տևի: Ինձ համար էլ անհասկանալի է, թե սկզբնական թմրածությունն ինչո՞ւ է ցավի վերածվում, բայց փաստն այն է, որ նախնական թմրածությունը ցավի է վերածվել»:
Նշենք, որ Հայրիկյանին մեկ օրով թույլատրել էին դուրս գալ հիվանդանոցից` մոր մահվան քառասունքին ներկա գտնվելու համար, ինչից հետո Հայրիկյանը կրկին վերադարձել է հիվանդասենյակ: