
Ռուսական կործանիչները խախտել են Ճապոնիայի օդային սահմանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ կապված նրա Խաղաղօվկիանոսյան նավատորմի ծովային ավիացիայի կողմից իր օդային տիրույթի խախտման հետ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը:
Վերջինիս տվյալներով՝ ռուսական «Սու-27» տիպի երկու կործանիչ Հոկայդո կղզուց ոչ հեռու գտնվող Ռիսիրի կղզու մոտ խախտել են Ճապոնիայի օդային սահմանը: Ռուսական ինքնաթիռները Ճապոնիայի օդային տիրույթում են գտնվել մեկ րոպե և 11 վայրկյան: Ռուսական ինքնաթիռներին երկրի օդային տիրույթից դուրս մղելու համար Ճապոնիան օդ է բարձրացրել իր կործանիչները:
Ռուսական կողմը հերքել է այս մեղադրանքը՝ հայտարարելով, որ իր ինքնաթիռները պլանային թռիչքներ են իրականացրել Կուրիլյան կղզիների հարավային հատվածում և չեն խախտել Ճապոնիայի օդային սահմանը: