
Սերոբ Բոզոյանի նկատմամբ վճիռը փոխվեց

«Փուչիկների գործով» մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի բողոքը ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը բավարարել է։ Այս մասին գրում է «Ա1+»-ը։
Այսօր վերաքննիչ դատարանը հրապարակել է վճիռը` մեկ տարի ազատազրկումը փոխարինելով 1 տարի պայմանական ազատազրկմամբ:
Սերոբ Բոզոյանն ուրախ էր։ «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքը արևին ճաղերի հետևից չի նայելու և հնարավորություն է ունենալու կնոջ և երկու անչափահաս երեխաների կողքին մնալ
«Այս վճռից հետո ես կզբաղվեմ իմ հաշմանդամության թոշակի հարցերով, կշարունակեմ մանր առևտուր անել, փուչիկներ նույնպես կվաճառեմ, բայց ոչ գազով: Գազով փուչիկներ ես այլևս չեմ վաճառելու»,-ասաց Սերոբ Բոզոյանը:
Նաև հայտնեց, որ թեև վիրահատությունը բարեհաջող է անցել և երկրոդ անգամ վիրահատության կարիք դեռ չունի, սակայն պետք է մշտապես գտնվի բժիշկների հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ 2012թ. մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում Հանրապետական կուսակցության քարոզարշավի համերգ-միջոցառման ժամանակ մեթան գազով լիցքավորված 7000 փուչիկների պայթյունից մարմնական վնասվածքներ էին ստացել մոտ 228 քաղաքացի:
Իսկ փուչիկները Հանրապետական կուսակցության հրահանգով լիցքավորել էր Սերոբ Բոզոյանը: Միայն նրան էր մեղադրանք առաջադրվել։
Հիշեցնենք նաև, որ Սերոբ Բոզոյանի վիրահատության համար պահանջվող գումարը հավաքել էին փուչիկների պայթյունից տուժողները: Սերոբ Բոզոյանը տառապում էր օնկոլոգիական հիվանդությամբ: