
Այսօր նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 17-րդ օրն է

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մամուլի ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Վերջերս Անդրիաս Ղուկասյանը արյան հետազոտություն է անցել, որի արդյունքները ցույց են տալիս, որ հացադուլի ընթացքում հացադուլավորների վիճակը բնութագրող պաթոֆիզիոլոգիական շեղումները միանշանակ համապատասխանում են երկրորդ փուլին, որին հատկանշանական է ֆերմենտային համակարգերի էական վերափոխումներ էնդոգենային սնուցման ապահովման համար։ Էնդոգեն սնուցման կլինիկական բնութագրիչներն են մետաբոլիկ ացիդոզ, կետոնէմիա, կրատինուրիա և այլն, որոնք արտացոլում են ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի արտահայտված քայքայումը։
Այդ փոփոխությունների որոշակի անուղակի փոփոխությունները արդեն կան Անդրիաս Ղուկասյանի արյան հետազոտման տվյալներում։
Երկարաժամկետ քաղցի երկրորդ փուլը պահանջում է օրգանիզմի վիճակի մշտադիտարկում, որպեսզի ժամանակին կանխել անցումը դեպի կարճատև(մոտ 3-5օր) եզրափակիչ փուլ, որի ժամանակ ի հայտ են գալիս անդարձելի փոփոխություններ։
Այսօր առավոտյան ժամը 10-ին շտապօգնության անձնակազմը, հերթական անգամ այցելելով Ա. Ղուկասյանին, ստուգել են զարկերակային ճնշման և սրտի բաբախումների հաճախականության չափումներով: Անդրիաս Ղուկասյանի ճնշումը իջել է 80/40: Նա հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց: Անրիաս Ղուկասյանին է նաև այցելել առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:
Այժմ Անդրիաս Ղուկասյանը գտնվում է հացադուլի վայրում և հաստատակամ է շարունակելու իր պայքարը:
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մամուլի ծառայություն»։