ՀԺԿ-ն չի մտնի ՀԱԿ կուսակցության մեջ
«ՀԺԿ-ն առանձին կուսակցություն է, և չեմ կարծում, թե իմաստ կա ՀԺԿ-ն փոխել մեկ այլ կուսակցությամբ»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՀԺԿ անդամ Գրիգոր Հարությունյանն՝ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցին: Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանն այդ կապակցությամբ մասնավորապես նշել էր. «Նկատի ունենալով առաջիկա տարիների քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերից ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության»:
«Դաշինքային հարաբերություններն այլ հարց են, կուսակցական հարաբերություններն՝ այլ: ՀԺԿ-ն, համենայնդեպս, կարող եմ ասել, որ իմաստ չի գտնում մտնել նոր կուսակցության մեջ: Կրկնում եմ, որ մենք եղել ենք առանձին կուսակցություն, և իմ անունից կարող եմ ասել, որ կմնանք առանձին կուսակցություն»,- ասել է Գ. Հարությունյանը:
Իսկ հարցին, թե ո՞վ կարող է առաջնորդել այդ նոր կուսակցությունը, Գրիգոր Հարությունյանը պատասխանել է. «Թող իրենք որոշեն: ՀԺԿ-ն նպատակահարմար չի գտնում մտնել, և թե ո՞վ պետք է առաջնորդի, իրենք էլ կորոշեն»: