
Human Righs Watch-ը դատապարտել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչների անհիմն ձերբակալումը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Human Righs Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում Իլգար Մամեդովի ու Թոֆիկ Յաղուբլուի անհիմն ձերբակալումը, որոնք մեղադրվել են Իսմայիլիում անկարգությունների կազմակերպման մեջ:
Հարավային Կովկասի գծով HRW-ի ավագ գիտաշխատող Գեորգի Գոգիան այս կապակցությամբ հայտարարել է. «Մենք անհանգստացած ենք, որ Իսմայիլիի իրադարձությունները կօգտագործվեն որպես պատրվակ՝ կառավարության երկու կատաղի քննադատներին հարկադիր լռեցնելու համար:
Ադրբեջանի իշխանությունները պետք է մինչդատարանային կալանքից ազատեն Մամեդովին ու Յաղուբլուին և համոզիչ ապացույցներ ներկայացնեն նրանց մեղավորության մասին: Մենք մտահոգ ենք, որ իշխանությունները փորձում են Իսմայիլիի բողոքների մեղքը բարդել Յաղուբլուի ու Մամեդովի վրա՝ փոխանակ հետաքննեն անկարգությունների պատճառները»:
Հիշեցնենք, որ ադրբեջանական դատարանը Յաղուբլուի ու Մամեդովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը: