
Ադրբեջանի իշխանություններն ուժեղացնում են բռնությունները. Amnesty International

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատեն ընդդիմադիր գործիչներ Թոֆիկ Յաղուբլուին և Իլգար Մամեդովին, որոնք ձերբակալվել են Իսմայիլիի անկարգությունների կազմակերպման մասին շինծու մեղադրանքներով:
Այս մասին հայտարարել է Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Դավիթ Դիաս Ժոժիեին: Վերջինիս խոսքերով՝ Իսմայիլիում անկարգությունները սկսվել են հունվարի 23-ին, իսկ Մամեդովն ու Յաղուբլուն այդ քաղաք են ժամանել դրանից մեկ օր անց:
Ժոժիեն նկատել է, որ կան մտավախություններ, որ այն բանից հետո, ինչ ԵԽԽՎ-ն ոչ վաղ անցյալում մերժեց Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ Քրիստոֆ Շտրասերի կազմած զեկույցը, Ադրբեջանի իշխանությունները կսկսեն նախագահական ընտրությունների նախաշեմին առավել կոշտ ձևով ճնշել այլակարծությունը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 16-ին, իսկ Իլգար Մամեդովը մտադիր է դրանցում առաջադրել սեփական թեկնածությունը: