
Բաքուն համաձայնել է Ադրբեջանի տարածքով Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերմանը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները համաձայնել են, որ ՆԱՏՕ-ի զորքերն Աֆղանստանից դուրս բերվեն իր տարածքով:
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մինչև 2014 թվականը ՆԱՏՕ-ի ուժերը լքելու են Աֆղանստանը և բեռների մի մասի փոխադրումն իրականացվելու է տարանցիկ միջանցք հանդիսացող Ադրբեջանի տարածքով:
Ազիմովը հիշեցրել է, որ Ադրբեջանն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության ընթացքում ապահովել է բեռների տարանցումը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի տարանցիկ հնարավորություններից օգտվել են ինչպես ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այնպես էլ՝ գործընկեր երկրները: Ազիմովի խոսքերով՝ Ադրբեջանը շարունակելու է աջակցել Աֆղանստանին՝ այդ երկրից ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերումից հետո էլ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանն առաջարկել էր Աֆղանստանից բեռները դուրս բերել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու միջոցով, որը, ամենայն հավանականությամբ, շահագործման կհանձնվի 2014 թվականին: