
Ադրբեջանը ցանկանում է միանալ «Վիկինգ» երկաթուղային նախագծին

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Վիկինգ» երկաթուղային նախագծի մասնակիցները դիտարկում են նախագծին Ադրբեջանի միանալու մեխանիզմները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն:
Վերջինիս խոսքերով՝ Բաքուն քաղաքական համաձայնություն է տվել այդ նախագծին մասնակցելու համար: Միշչենկոն կարծում է, որ Ադրբեջանը կարող է այդ նախագծին միանալ արդեն այս տարի.
«Մենք շատ ենք կարևորում այս նախագիծը, քանի որ այն կարող է դառնալ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շարունակությունը, այսինքն սկսվի մերձբալթյան երկրներից և Սև ծովի միջով շարունակվի դեպի Արևելք»:
Հիշեցնենք, որ «Վիկինգ» նախագիծը միավորում է Լիտվայի, Ուկրաինայի ու Բելառուսի երկաթուղային ցանցը և նախատեսվում է զարգացնել Սև ծովից Բալթիկ ծով բեռնափոխադրման գործընթացը: