
Գալու են մենակ քանդելու

Երեկ երեկոյան 168.am-ը կրկին ահազանգ ստացավ Վարդաշեն 68ա շենքի բնակիչներից, որտեղ, հիշեցնենք, օրեր առաջ միջադեպ էր գրանցվել: Կիսափուլ պատշգամբներից մեկի քարերն ընկել էին շենքի տարեց մի բնակչուհու գլխին: Հիշեցնենք, որ բնակիչներն այսօր առավոտյան նախագահի նստավայրի առջև բողոքի ցույց են կազմակերպելու՝ պահանջելով վերականգնման աշխատանքներ իրականացնել տարեցտարի փլվող շենքում: Մինչդեռ, որքան էլ զարմանալի է, քիչ առաջ տեղի բնակիչները մեզ տեղեկացրեցին, որ համատիրության ներկայացուցիչներն արձագանքելով մամուլով բարձրացված խնդրին՝ այցելել են այդ տարածք և բնակիչներին համոզել են աղմուկ չբարձրացնել:
«Փաստորեն, մարդիկ չեն ցանկանում գումարներ ծախսել և ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը: Համատիրության ներկայացուցիչներն աղմուկը հանդարտեցնելու համար հետաքրքիր միջոց են գտել, խոստացել են շենքի պատշգամբներն ապամոնտաժել և իսպառ վերացնել: Բայց շենքի հիմնասյուներն էլ հո չե՞ն կարող վերացնել, փաստորեն չեն էլ պատրաստվում վերանորոգել: Գալու են մենակ քանդելու՞»,- մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը: Այնուամենայնիվ, Վարդաշեն 68ա շենքի բնակիչներն այսօր առավոտյան բողոքի ցույցով պահանջելու են ապահովել անվտանգ ապրելու իրենց իրավունքը: