
«Մեր հարաբերությունները միշտ էլ եղել են փայլուն». Տիգրան Սարգսյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն այսօր նշել էր, որ նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում մնալու է Տիգրան Սարգսյանը։ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին վարչապետից՝ դա քննարկումների՞, թե՞ ցանկությունների արդյունք է: «Առաջարկում եմ լցվել համբերությամբ, սպասել ընտրությունների արդյունքներին, և կարծում եմ, որ 5 տարի դիմացել եք, մի քանի ամիս էլ կդիմանաք»,- պատասխանեց Տ. Սարգսյանը: Իսկ հարցին, թե արդյո՞ք առաջարկ եղել է իրեն` հաջորդ Կառավարությունը ղեկավարելու մասին, վարչապետը պատասխանեց. «Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ նման քննարկումներ տեղի չեն ունեցել, և մենք ժամանակից առաջ չենք ընկնում: Ընտրությունները կավարտվեն, որից հետո դա կդառնա մեր խոսակցության քննարկման առարկան»: Վերջինս նաև անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, թե ինքն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փայլուն հարաբերությունների մեջ չեն: «Ես ուզում եմ ասել, որ մեր հարաբերությունները միշտ էլ եղել են փայլուն»,- ասաց վարչապետը: