Վարչապետը` Սերժ Սարգսյանի նախընտրական «կիքսերի» և վարկանիշի մասին
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով նախընտրական քարոզարշավին, գործող նախագահի` նախընտրական հանդիպումներին թույլ տրված «սայթաքումներին» և վարկանիշին` ասաց. «Առաջին հերթին՝ ուզում եմ նշել, որ գործադիր իշխանության սուրբ պարտականությունն է՝ ստեղծել հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար, չմիջամտել այդ գործընթացին, որպեսզի մեր նախագահի բոլոր թեկնածուներն ազատորեն զբաղվեն իրենց նախընտրական ծրագրերի քարոզչությամբ, կարողանան ներկայացնել հանրությանը, և այդ տեսակետից մենք, իհարկե, որպես գործադիր իշխանություն` պետք է օբյեկտիվությունն ապահովենք, չեզոքության սկզբունքն ապահովենք: Այդ տրամաբանության ներքո ենք աշխատում: Իսկ ինչ վերաբերում է վարկանիշներին, կարծում եմ` այդ հարցերի պատասխանները տալիս է հանրությունը, դուք` լրագրողներդ»: Ինչ վերաբերում է այն հարցին, թե նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի նոր կոալիցիա կկազմվի՞, որին, ըստ շրջանառվող լուրերի, միանալու է նաև ՀՅԴ-ն, վարչապետը պատասխանեց. «Գիտեք, որ Հանրապետական կուսակցությունը մշտապես հանդես է եկել այն տեսակետով, որ ինքը ստեղծում է այնպիսի միջավայր, որ համագործակցության համար լինի հիմք, քանի որ այդ կարևորագույն հիմքերի ներքո էլ ձևավորվել էր կոալիցիա: Հետագայում մեր գործընկերներն ընդունեցին որոշում. մի մասը կոալիցիայից դուրս եկավ: Եթե մեր գործընկերները կկայացնեն որոշում, որ ցանկանում են դառնալ կոալիցիա, բնականաբար, Հանրապետական կուսակցությունն այդ հարցը կքննարկի, բայց այդպիսի որոշումներ դեռևս չկան»: