Ընդդիմության թուլությունը և Սերժ Սարգսյանի «սայթաքումները» (տեսանյութ)

«Այո´, կարծես թե, ընտրությունները` իրենց արդյունքով,  ավելի շատ քաղաքագիտական հետաքրքրություն են ներկայացնում, քան քաղաքական, բայց դա հարցի մի կողմն է: Սակայն արդյոք կանխորոշվա՞ծ է ընտրությունների ողջ ընթացքը, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ամենևին էլ այդպես չէ»,- այսօր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված քննարկմանն  ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ, Համաձայնություն քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Վերջինս կարծիք հայտնեց, որ հստակ միտումներ կան` հետաձգել նախագահական ընտրությունները և այլ գործընթացներով ընտրությունները տանել այնպիսի հունով, որը, կարծես թե, այնքան էլ ձեռնտու թե´ իշխանությանը և թե´ հիմնական ընդդիմադիր թեկնածուներին: Իսկ թե ինչ մեթոդներով դա կփորձեն անել, Դավիթ Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ առայժմ դրանք ոչ քաղաքական մեթոդներ են, և գուցե օգտագործվեն նաև «այլ գործիքներ, ինչպես, օրինակ, տեղի ունեցավ Պարույր Հայրիկյանի դեպքում»:

«Կարծում եմ`այս ամենը լավ գիտակցելով էր, որ պարոն Հայրիկյանը որոշեց չերկարաձգել քարոզարշավը և քվեարկության օրը»,- նշեց Դավիթ Շահնազարյանը: Միաժամանակ նա կարծիք հայտնեց, որ այս ընտրություններն էապես տարբերվում են նախորդ տարի անցկացված խորհրդարանական ընտրություններից, քանի որ այդ ընտրությունները հիմնականում պայքար էին օլիգարխիկ երկու թևերի միջև, որոնցից մեկն այս ընտրություններին հրաժարվեց մասնակցել:

«Ներքին և արտաքին մարտահրավերներից հիմնական և մեծագույն խնդիրը ես տեսնում եմ այն համակարգի մեջ, որը կա այսօր Հայաստանում, դա օլիգարխիկ համակարգն է»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

Կարդացեք նաև

«Ինչպիսի՞ն կլինի քաղաքական դաշտը ընտրություններից հետո»,- հռետորական հարց տվեց ոչ վաղ անցյալում Հայ ազգային կոնգրեսի ակտիվ գործիչ Դ.Շահնազարյանը,-«փորձը ցույց է տալիս, որ ընդդիմադիր հատվածի թուլությունն էականորեն վտանգում է պետականությունը` նաև այն իմաստով, որ իշխանություններն են դառնում ավելի սանձարձակ և ոչ զսպված»:

Դավիթ Շահնազարյանը ընդդիմության թույլ լինելու հանգամանքով պայմանավորեց հունվարի 28-ին գործող նախագահ Սերժ Սարգսյանի և մի կնոջ միջև Եռաբլուրում տեղի ունեցած հայտնի միջադեպը, ինչպես նաև նրա քարոզարշավի ընթացքում նախագահի պահվածքը, որոնք Շահնազարյանն անվանեց «սայթաքումներ»:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս