Բաժիններ՝

Վարչապետը՝ «Կարֆուրի» մասին

Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ՀՀ-ն և Կառավարությունը խիստ շահագրգռված են, որ «Կարֆուրը» ներկայացված լինի հայաստանյան շուկայում: «Քանի որ դա իր մեջ պարունակում է բազմաթիվ դրական երևույթներ, մեր տնտեսության համար է դա կարևոր, դաշտի ձևավորման առումով, դա նոր մշակույթի ներդրում է, նոր տիպի ինստիտուտների ձևավորումն է, ենթակառուցվածքների ձևավորումն է, գյուղական ապրանքների գնումներ, փաթեթավորում, ծառայությունների մատուցում, այդ թվում՝ նաև հայկական ապրանքների արտահանում: Դրա համար «Կարֆուրն» անպայման պետք է ներկայացված լինի Հայաստանում, և մենք առաջարկել ենք մեր աջակցությունը «Կարֆուրին», որպեսզի նա հնարավորին չափ արագ հայտնվի մեր շուկայում: Ինչ վերաբերում է այն պայմանագրին, որ նրանք ունեին, այն հարաբերությունները, որ երկու մասնավոր ընկերությունների միջև ստեղծվել է, ապա այդ հարցում նրանք պետք է աշխատեն իրավական դաշտում, փորձեն երկու մասնավոր ընկերություններ գտնել փոխադարձ, իրենց համար ընդունելի լուծումներ»,- ասաց վարչապետը:

Հարցին, թե պայմանագիր, ամեն դեպքում, եղե՞լ է, Տ. Սարգսյանը պատասխանեց. «Ըստ այն տեղեկատվության, որ մեզ տրամադրել է «Կարֆուրի» ներկայացուցիչը`պայմանագիր նրանք չեն ունեցել, ունեցել են հուշագիր մտադրությունների մասին և աշխատել են այդ հուշագրի ներքո»: Վարչապետը կրկին ընդգծեց, որ իրենք «խիստ շահագրգռված են» այն հարցում, որպեսզի «Կարֆուրն» իր գործունեությունը ծավալի Հայաստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս