
Սուրեն Խաչատրյանի՝ ամսագրի շապիկի նկարը դարձել է ԱԺ քննարկման առարկա

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին իր հետ ԱԺ դահլիճ էր բերել մի ամսագիր, որի շապիկին Սյունիքի մարզպետի լուսանկարն էր` «Տարվա մարզպետ» մակագրությամբ: «Վերջերս Սյունիքի մարզը և նրա «փոխարքա» մարզպետն անընդհատ սկանդալների մեջ են`կնոջ հետ պատմությունը, էս հողերի պատմությունը»,- նկատեց պատգամավորը`նշելով, որ այսօր ԱԺ-ում բաժանում էին ամսագիր, որի շապիկին տարվա մարզպետի լուսանկարն էր: «Հիմա, եթե Դուք ասեք, որ ա էս ամսագրի խնդիրն է, որևէ բան չունեմ ասելու, բայց Երևանում էլ նրա մեծադիր նկարներն են դրված: Հանկարծ չմտածեք, թե անձի դեմ եմ ասում, երևույթի համար եմ ասում`Կովալն էլ է էդպես, Վարդանիկն էլ էր էդպես: Կառավարությունը մոտեցում պե՞տք է ունենա իր ենթակաների նկատմամբ: Եթե ոչ, ես կարող եմ եզրակացնել, որ սա մեսիջ է քաղաքացուն, սովորական հասարակությանը, որ էս տեսակն է, որ պիտի պաշտպանվի, որ էս տեսակն է, որ պիտի մրցանակ ստանա»,- ասաց Ա. Մանուկյանը: Ի պատասխան դրան՝ ՀՀ վարչապետը նշեց. «Այո, մեր հասարակության մեջ կան բազմաթիվ բացասական երևույթներ, և մենք մեր գնահատականները հնչեցնում ենք այս ամբիոնից, ինչպես նաև՝ մեր իրավական մարմինները, օրենսդրության շրջանակներում»: