
Ի՞նչ կլիներ, եթե Հայրիկյանը կոմայի մեջ հայտնվեր կամ նրան գողանային

«Սկզբից հակված էի մտածել, որ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը ներքին, արտաքին ուժերի կողմից իրականացված քայլ էր, որը նպատակ ուներ գցել Հայաստանի վարկանիշը միջազգային ասպարեզում: Բայց հիմա կասկածներ չունեմ, որ սա ոչ թե չարամիտ ուժերի կողմից իրականացված քայլ էր, այլ՝ PR քայլ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
«Այս միջադեպը խախտեց հավասարությունը թեկնածուների միջև: Երբ խախտվում է հավասարությունը, պետությունը պարտավոր է այդ հավասարությունը պահպանել: Սա, կարծում եմ, Սահմանադրության անկատարության մասին է խոսում: ՍԴ-ն կամ ԿԸՀ-ն չպետք է սպասեն ու հայտարարեն, թե Պարույր Հայրիկյանը կուզի՝ կդիմի, չի ուզի՝ չի դիմի: Հիմա ի՞նչ, այս անհավասարությունն այսպես էլ պետք է մնա՞,- ասաց նա՝ հավելելով,- Հիմա պատկերացրեք, որ Հայրիկյանը կոմայի մեջ լիներ, չէր կարող ՍԴ դիմել, չէ՞, կամ ասենք՝ թեկնածուին գողանային, ի՞նչ էին անելու: Ասենք՝ կես տարի կոմայի մեջ էր մնում, ի՞նչ, ԿԸՀ-ն ի՞նչ էր անելու: Ումի՞ց էր դիմում պահանջելու»:
Գիմիշյանը նշեց, որ տվյալ պարագայում, երբ թեկնածուների միջև անհավասարություն է ստեղծվել, շահել է միայն Պարույր Հայրիկյանը: «Մյուս թեկնածուներն այս անհավասարությունից տուժեցին, որովհետև ընտրական քարոզչության ընթացքն ամբողջովին փոխվեց. բոլորը մոռացան ընտրությունները, քարոզարշավը և սկսեցին մտածել այս դեպքի մասին: Իսկ Պարույր Հայրիկյանը որոշեց օգտվել անհավասարությունից, երբ չդիմեց ՍԴ: Կանխամտածվա՞ծ էր սա, թե՞ պատահական, չեմ կարող ասել»,- ընդգծեց նա:
Սոս Գիմիշյանը ծիծաղելի համարեց հենց Պ. Հայրիկյանի կողմից առաջ քաշված վարկածը, թե իրեն կրակել են Ռուսական գաղտնի ծառայությունները: Նրա խոսքով, «մանր-մունր Պարույր Հայրիկյանի քարոզն անելու համար ոչ մի պետություն նման քայլի չէր գնա»:
Լուսանկարը՝ News.am-ի