
Ուկրաինան ու Ռուսաստանը գազային խոշոր վեճի մեջ են

Ուկրաինական УНИАН լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Վիլնյուսում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուսական կողմի այն մեղադրանքին, որ Ուկրաինան 2012 թվականին գնել է պայմանագրով նախատեսվածից 7 միլիարդ դոլարով ավելի պակաս գազ.
«Դա վիճելի թիվ է, Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է բանակցություններ վարել ռուսական կողմի հետ: Գազային պայմանագրի պատժամիջոցները չեն համապատասխանում տնտեսվարող սուբյեկտների շուկայական հարաբերություններին, և մենք պատասխանել ենք «Գազպրոմին»: Ուկրաինան գազը գնում է ամենաբարձր գնով, ինչի նվազեցման վերաբերյալ էլ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ:
Ուկրաինան չի կարող անտեսել Մաքսային միության գոյության փաստը և պետք է մշակի նրա հետ համագործակցելու ընդունելի ձևեր: Սակայն Կիևի համար առաջնահերթը եվրաինտեգրումն է»:
Նշվում է, որ Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հայտարարել է, որ իր երկիրը հրաժարվում է ընդունել, որ 7 միլիարդ դոլարի «գազային պարտք» ունի Ռուսաստանին: