ՀԱԿ-ի փրկությունը հետաձգվեց

ՀԱԿ կենտրոնական գրասենյակում այսօր պետք է կայանար Կոնգրեսի քաղխորհրդի հերթական նիստը, որին, սակայն, ներկա էին միայն ՀԱԿ-ին մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը և «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Նշենք, որ քաղխորհրդի այսօրվա նիստում նախատեսված էր Պետրոս Մակեյանի ներկայացրած՝ ՀԱԿ-ի` քաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ փաստաթղթի քննարկումը:

168.am-ը հետաքրքրվեց, թե որն էր պատճառը, որ քաղխորհրդի նիստը չի կայացել: 168.am-ի հետ զրույցում Սոս Գիմիշյանը նշեց, որ քաղխորհրդի նիստերը չեն կայանում այն ժամանակ, երբ համընկնում են ԱԺ նիստերի հետ: «Բնականաբար, այս դեպքում ՀԱԿ-ի նիստը չկայացավ: Ես չգիտեի, որ ԱԺ-ում այսօր նիստ կար, բայց ամեն դեպքում մեզ պետք է զանգահարեին, որպեսզի չգայինք քաղխորհրդի նիստին: Մյուսները երևի տեղյակ էին, որ չի լինելու, և չէին եկել»,- ասաց Սոս Գիմիշյանը:

ՀԱԿ անդամն ընդգծեց, որ իրեն չզանգահարելու և նիստերի օրացույցի մասին չտեղեկացնելու դեպքերը շատ են, և այսօրվա քաղխորհրդի նիստն էլ բացառություն չէր: «Այն երիտասարդ աղջկան, ով պետք է ինձ զանգահարեր, հարցրեցի, թե ինչո՞ւ ինձ չի տեղեկացնում փոփոխությունների մասին, չի զանգահարում, բայց չպատասխանեց, լռեց: Սրանով իմ կասկածանքները ամրապնդվեցին՝ չեն զանգահարում, որովհետև հանձնարարական ունեն: Իսկ հանձնարարողը մեկն է, ու միայն Զուրաբյանը (խոսքը ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի մասին է.- Տ.Մ.) կարող էր հանձնարարել նրան՝ չզանգահարել ինձ: Այդ աղջիկն անդամների ամբողջական ցուցակը՝ հեռախոսահամարներով, ունի, ու միայն հրահանգի դեպքում  կարող է չզանգել մեկնումեկին»,- մասնավորեցրեց Սոս Գիմիշյանը:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ ՀԱԿ կենտրոնական գրասենյակ ուշացումով այցելել է նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ով իր ներկայությամբ զարմացրել է Գիմիշյանին: «Եթե ԱԺ-ի նիստի էր, ինչո՞ւ էր եկել: Չհասկացա»,- ասաց նա:

Գիմիշյանը հավելեց, որ այսօրվա քաղխորհրդի նիստի չկայանալը մեծ հաշվով կարելի է թյուրիմացություն համարել:

Տեսանյութեր

Լրահոս