
Շավարշ Քոչարյանի պատասխանը՝ Լեհաստանի դեսպանին

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցին` կապված «Հայկական Ժամանակ» օրաթերթին ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի հարցազրույցում հնչեցված մտքերին Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին:
Հարց. Լեհաստանի դեսպանը երևանյան թերթերից մեկին տված հարցազրույցում դարերի խորքից եկած հայ ժողովրդի երազանքը՝ ունենալ անվտանգ և ապահով Հայաստան, քանդվող միֆ է անվանել, ինչպես նաև ոչ այնքան կոռեկտ եզրահանգումներ է արել ընտրական գործընթացի վերաբերյալ։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։
Պատասխան. Ցանկացած դիվանագետ, առավել ևս դեսպան, իր հավատարմագրման երկրում տեղի ունեցող գործընթացների, այդ երկրի ներքին և արտաքին քաղաքականության մասին կարծիք հայտնելիս չպետք է անցնի դիվանագիտական էթիկայի սահմանները, ինչը կարող է ստվեր գցել հենց դեսպանի՝ որպես երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստող պատասխանատուի առաքելության վրա: