«Վերջինն «ապահով» Հայաստանի փուչիկն էր». Ժիրայր Սէֆիլյան

«Բոլոր փուչիկները պայթել են և պայթելու են: Դրանցից վերջինը «ապահով» Հայաստանի փուչիկն էր: Վարչախմբի նավի խորտակման ամենածանր հետևանքները կրելու է նրա պարագլուխը: Նրա շուրջը հավաքված ստրկամիտ զանգվածից իրեն ամենամոտ կանգնած շրջանն առաջինն է լքելու նրան: Նա չի վայելելու իր հնգամյա տիրապետությունը: Շատ ավելի կարճ ժամանակ հետո նա լքված ու միայնակ է լինելու և սպասելու է Մուբարաքի ճակատագրի կրկնությանը»,- մեզ հետ զրույցում ասաց «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը:

Նա նշեց, որ իշխանություններն՝ ինչպես Մաշտոցի պուրակի հաղթանակն իրենց փորձեցին վերագրել, այնպես էլ՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձն են ցանկանում ծառայեցնել սեփական շահին:

Հարցին, թե  ինչո՞ւ պիտի իշխանությունները դեմ լինեն ընտրությունները հետաձգելուն, Ժիրայր Սէֆիլյանը պատասխանեց, թե վարչախմբի ոտքերի տակ հողը երերում է, քանի որ չի վայելում ժողովրդի աջակցությունը: «Որքան էլ վարչախումբը փորձի վերահսկել «ընտրությունների» գործընթացը, միևնույն է, դրա ընթացքում շատ ավելի խախուտ ու խոցելի է դառնում, ուստի պետք է ձգտի հնարավորինս սահուն և արագ ավարտել այս բեմականացումը»,- նկատեց մեր զրուցակիցը:

Ժիրայր Սէֆիլյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք  «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս