Թող ԱՄՆ-ը հարցազրույց վերցնի տիեզերագնաց կապիկից. ՌԴ-ում Իրանի դեսպան

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին անդրադարձել է Արևմուտքի այն կասկածներին, թե Իրանը կապիկ է ուղարկել տիեզերք, սակայն չի ներկայացրել դրա վերաբերյալ որևէ ապացույց.

«Անհեթեթություն են այն լուրերը, թե տիեզերքից վերադարձել է մեկ այլ կապիկ: Եթե ես լինեի ամերիկացի, ապա ես նույնպես կհորինեի այդպիսի հեքիաթ: Նրանք սկզբում նույնն ասում էին մեր ատոմակայանի մասին, որ այն տեխնոլոգիական առումով շատ բարդ է, և Իրանը ստում է՝ հայտարարելով, թե այն պատրաստ է»:

Ապա իրանցի դեսպանը կատակել է. «Թող գան և հարցազրույց վերցնեն կապիկից: Դա նույն կապիկն է: Պրիմատին տիեզերք ուղարկելն ի ցույց է դնում Իրանի անկախությունը: Իրանը տարածաշրջանային գերտերություն է»:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկուշաբթի հայտարարել էր, թե պատրաստ է դառնալ իրանցի առաջին տիեզերագնացը: Իսկ դրանից մեկ շաբաթ առաջ էլ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին տիեզերք կապիկ ուղարկելու մասին, որը հաջողությամբ վերադարձել էր Երկիր:

Դրանից հետո ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնն Ահմադինեժադին համեմատել էր կապիկ-տիեզերագնացի հետ, և իր կուսակիցների կողմից մեղադրվել էր ռասիզմի մեջ: Մաքքեյնը Twitter-ում հետևյալ կերպ էր մեկնաբանել Ահմադինեժադի այդ ցանկությունը. «Եվ այսպես, Ահմադինեժադը ցանկանում է դառնալ տիեզերքում գտնված առաջին իրանցին: Մի՞գուցե հենց նա է նախորդ շաբաթ գտնվել տիեզերքում»:

Տեսանյութեր

Լրահոս