
Նոր Զելանդիայում թութակը կողոպտել է շոտլանդացի զբոսաշրջիկի

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Նոր Զելանդիայում թութակը կողոպտել է մի շոտլանդացի զբոսաշրջիկի: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 52-ամյա Փիթեր Լիչը դուրս է եկել ֆուրգոնից՝ տեսարանով զմայլվելու և մի քանի լուսանկար անելու համար:
Ֆուրգոնի պատուհանը բաց է եղել, որտեղից էլ թռչունը մուտք է գործել ֆուրգոն և իր հետ տարել է 700 ֆունտ սթերլինգ: Լիչին հաջողվել է լուսանկարել թռչունին, սակայն նա չի իմացել, որ թութակը թալանել է իրեն:
Այդ մասին շոտլանդացուն հայտնել են մոտակայքում զբոսնող կանադացի զբոսաշրջիկները: Դրանից հետո նա մտել է ֆուրգոն և հայտնաբերել է, որ թութակն առևանգել է իր դրամապանակը, որը նա իր հետ վերցրել էր Հարավային կղզում ճամփորդելիս: Լիչը ստիպված է եղել դիմել իր ընկերների օգնությանը, որոնք էլ ուղղել են նրա ֆինանսական դրությունը: Լիչը նաև դիմել է ոստիկանություն:
Նշվում է, որ Նոր Զելանդիայում թութակների երկարությունը կազմում է մոտ 45 սանտիմետր, իսկ քաշը՝ մինչև մեկ կիլոգրամ: Նրանք շփվող են և չեն վախենում մարդկանցից: