Բաժիններ՝

Ֆլորա Մարտիրոսյանի մտերիմները նշել են արտիստուհու ծննդյան տարեդարձը

Երեկ ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան 56-րդ տարեդարձն էր: Հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, երգչուհու բարեկամները, ընկերներն ու հարազատները հավաքվել էին «Նարեկացի» արվեստի միությունում՝ նշելու արտիստուհու ծննդյան տարեդարձը: Պատրաստվել էր նրա կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող տեսանյութ, որը ցուցադրվեց արվեստի կենտրոնում: Երգչուհուն հիշելու էին եկել  նաև «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակիցները, ովքեր իրենց կատարումներով ևս մեկ անգամ իրենց հարգանքի տուրքը  մատուցեցին և խոնարհվեցին վաստակաշատ արտիստուհու հիշատակի առաջ: Հիշեցնենք, որ Ֆ. Մարտիրոսյանը եղել է նաև «Ժողովրդական երգիչ» նախագծի ժյուրիի անդամ: 168.am-ը զրուցեց երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ, ով ևս ներկա էր երգչուհու հիշատակին կազմակերպված միջոցառմանը: ««Նարեկացի» արվեստի կենտրոնում հավաքվել էին իր ընկերները, հարազատները, երկրպագուները: Բոլորս հավաքվել էինք՝ մեծ արվեստագետին հիշելու և մեր հարգանքի տուրքը ևս մեկ անգամ տիկին Ֆլորայի հիշատակին  մատուցելու համար: Թեև բոլորս տխուր էինք, սակայն մեզանից յուրաքանչյուրը փորձում էր ինչ-որ հետաքրքիր բան պատմել տիկին Ֆլորայի հետ անցկացրած ժամանակից, հիշել նրա կատակները, ցանկությունները: Թեև նա մեզ հետ չէ, բայց մենք ցանկացանք, որպեսզի նրա ծննդյան տարեդարձն անցներ այնպես, ինչպես կլիներ իր կենդանության օրոք»,- ասաց Քրիստինե Պեպելյանը: «Նարեկացի»  արվեստի կենտրոնում կազմակերպված երեկոյի ավարտին շոու-բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ՝ Քրիստինե Պեպելյանը, Ավետ Բարսեղյանը, Անդրեն և այլք, գնացին երգչուհու երևանյան բնակարան՝ շարունակելու Ֆ. Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձը: «Մենք ցանկանում էինք ուրախություն մտցնել իր տուն: Ցանկանում էինք կենդանություն հաղորդել նրա տանը, ուզում էինք, որ Ֆ. Մարտիրոսյանի շունչն այդ տանը միշտ լինի: Փոքրիկ տորթ էինք տարել մեզ հետ, բացեցինք նաև տիկին Ֆլորայի պատրաստած պահածոներից, (ի դեպ, նա շատ համեղ էր պատրաստում), խմեցինք նրա համար: Թեև բոլորիս սրտերում մեծ թախիծ կար, բայց մեզանից յուրաքանչյուրը փորձում էր անել այնպես, ինչպես կցանկանար տիկին Ֆլորան»,- ասաց Ք. Պեպելյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին՝ ԱՄՆ-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս