Հայրիկյանը՝ պատգամավո՞ր
«Տեղի է ունեցել գործարք Հայրիկյանի և իշխանությունների միջև»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը: Էպոսագետ թեկնածուն համոզված է, որ Պարույր Հայրիկյանն, ունենալով քաղաքական խաղաթղթեր, նոր պայմաններ է դրել իշխանությունների առջև, և, ի վերջո, ինչ-որ միջին կետի վրա կանգ են առել:
«Չեմ բացառում, որ ընտրություններից հետո հանրապետականներից մեկը գնա գործադիրում աշխատելու, և Հայրիկյանին տեսնենք պատգամավորի կարգավիճակով»,- նշեց Վարդան Սեդրակյանը: Նա շեշտեց, թե ինքը՝ Պարույր Հայրիկյանն է հայտարարել, որ անհաղթահարելի խոչընդոտ կա, բայց հրաժարվում է դիմել Սահմանադրական դատարան՝ընտրությունները երկարաձգելու պահանջով: Նման պարագայում, եթե թեկնածուն հրաժարվում է ՍԴ դիմելուց, ըստ Վարդան Սեդրակյանի, հաստատվում է իր ասածը գործարքի վերաբերյալ: «Մարդն ասում է, թե օրենքն ինչ է պահանջում, բայց անում է մեկ այլ բան: Կգա ժամանակը, և ամեն ինչ կբացահայտվի, կտեսնեք, որ ես ճիշտ եմ»,- շեշտեց Վարդան Սեդրակյանը: Նա նշեց, որ հարկավոր է օրենսդրական փոփոխություն կատարել և սահմանել անհաղթահարելի խոչընդոտների ցանկը, ինչպես նաև ավելացնել կետ, ըստ որի՝ նման դեպքերում ՍԴ դիմելու անհրաժեշտությունը չթողնվի թեկնածուի հայեցողությանը:
Նա չմասնավորեցրեց, թե ում էր ձեռնտու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը, սակայն նշեց, իր ինքը՝ Հայրիկյանն, «առավելագույնս փորձեց դրանից օգուտ քաղել»: Հարցին, թե Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձն արդյո՞ք բացասաբար չի ազդել Վարդան Սեդրակյանի վարկանիշի վրա, վերջինս պատասխանեց, թե իշխանությունների պատվիրված սոցհարցումներում իր վարկանիշը միշտ անփոփոխ է: «Ես իմ պատվավոր ութերորդ տեղում եմ, ուզում են՝ իրար ուտեն, ուզում են՝ իրար խորոված անեն»,- նշեց թեկնածուն:
Նա հայտարարեց, որ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը ևս իշխանության հետ պայմանավորվածություններ ունեն: «Նախընտրական քարոզարշավը վերածել են շուկայական հարաբերությունների: Դա էլ երևի մեր տնտեսությունից է գալիս»,- նշեց Վարդան Սեդրակյանը: