
Թուրքական բանտերում է պահվում 75 լրագրող և 1 պաստառ. թուրք լրագրող

Թուրքական Posta թերթում հրապարակվել է թուրք հայտնի լրագրող Նեդիմ Շեների հոդվածը՝ նվիրված Թուրքիայում մամուլի ազատության խնդրին: Ըստ Շեների՝ Թուրքիայում գոյություն չունի խոսքի ազատություն, ինչի մասին է վկայում այն, որ թուրքական բանտերում են պահվում 75 լրագրող, ինչպես նաև «Ազատություն լրագրողներին» գրությամբ մի պաստառ:
Ըստ Շեների՝ այդ լրագրողներից 37-ը բանտում են հայտնվել «Քրդստանի համայնքների միության» (KCK) գործով, 7-ը՝ «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործով, 7-ը՝ «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP/C) գործով, 6-ը՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) գործով, 3-ը՝ «Մարքսիստ Լենինիստ Կոմունիստ» կուսակցության (MLKP)գործով, իսկ մնացյալ 6-ը՝ ձախակողմյան ահաբեկչական կազմակերպությունների գործով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության ինդեքս-2013» (2013 Press Freedom Index) զեկույցում Թուրքիան որակվել է որպես «լրագրողների համար ամենամեծ բանտ»: Թուրքիան 179 երկրների թվում զբաղեցրել է 154-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ հետընթաց ապրելով 6 հորիզոնականով: