
Թուրքիան շահել է Պակիստանի ռազմածովային ուժերի հայտարարած մրցույթը

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան շահել է ավելի վաղ Պակիստանի ռազմածովային ուժերի հայտարարած ռազմանավի կառուցման վերաբերյալ մրցույթը: Թուրքական Պաշտպանական տեխնոլոգիաներ արտադրող (STM) ընկերությունը նախօրեին համաձայնագիր է ստորագրել Պակիստանի պաշտպանության նախարարության հետ:
Ըստ այդ համաձայնագրի՝ թուրքական կողմը ռազմանավ պետք է կառուցի Կարաչիի նավաշինական գործարանում: Ընդ որում, ռազմանավի բոլոր մասերն արտադրվելու է Թուրքիայում: Համաձայնագրում խոսք է գնում նաև Թուրքիայի կողմից տվյալ նավի անձնակազմի ուսուցումը և նավի փորձարկումը: Գործարքի արժեքի և ռազմանավի կառուցման սկսվելու մասին ոչինչ չի նշվում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում MILGEM (Milli Gemi – Ազգային նավ) ծրագիրն ընդունվել է 1996 թվականին` մարտական նավեր արտադրող այլ պետություններից ունեցած կախումը նվազեցնելու նպատակով: Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է 2000 թվականի փետրվարի 15-ին:
Այդ ծրագրի շրջանակներում 2011 թվականի սեպտեմբերի վերջին Ստամբուլում ջուրն իջեցվեց «Հեյբելիադա» (F-511) կորվետը, ինչի կապակցությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան այդուհետ մտավ աշխարհի 10 երկրների շարքը, որոնք ռազմանավ են արտադրում:
MILGEM դասի թուրքական արտադրության առաջին էսկադրոնային ականակիրը ռազմածովային ուժերի կազմը համալրելու է մինչև 2016 թվականի վերջը: Սեփական սուզանավի զարգացման հեռանկարների վերաբերյալ հետազոտությունն ավարտվելու է մինչև 2015թվականը: Թուրքիան պլանավորել է կառուցել նաև սեփական ավիակիր: Այն կառուցվելու է 5 տարվա ընթացքում և փորձարկումներից հետո՝ 6-7 տարի անց, հանձնվելու է շահագործման: