
Մեքսիկական ծոցի վթարից BP-ի կրած վնասները կարող են կազմել ավելի քան 90 միլիարդ դոլար

Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ բրիտանական British Petroleum (BP) ընկերության դեմ շարունակվում են ներկայացվել դատական նոր հայցեր՝ կապված 2010 թվականին Մեքսիկական ծոցում Deepwater Horizon հարթակում գրանցված վթարի հետ: Այդ հայցերում BP-ից պահանջում են փոխհատուցել պատճառած վնասի դիմաց:
ԱՄՆ իշխանությունները BP-ի դեմ ներկայացրել են 34 միլիարդ դոլարի փոխհատուցման հայցեր: Նախօրեին ամերիկյան Ալաբամա, Միսիսիպի, Ֆլորիդա և Լուիզիանա նահանգները ներկայացրել են իրենց բոլոր պահանջները՝ կապված տնտեսական ու նյութական վնասի փոխհատուցման հետ:
Դրանով իսկ, հաշվի առնելով նոր հայցերը, BP-ի վնասները կարող են գերազանցել 90 միլիարդ դոլարը, եթե, իհարկե, դատարանը որոշի ընկերության նկատմամբ սահմանել տուգանքի հնարավոր առավելագույն չափ: Ներկա դրությամբ BP-ն դատական գործընթացների հետ կապված կորուստները փոխհատուցելու համար տնտեսել է 42 միլիարդ դոլար: