
Կահիրեում կոշիկ են նետել Մահմուդ Ահմադինեժադի վրա (տեսանյութ)

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Կահիրեում գտնվող Ալ Հուսեին մզկիթից դուրս գալիս ենթարկվել է հարձակման: Անհայտ տղամարդը մի կողմ է հրել Ահմադինեժադի թիկնապահներին, որպեսզի իր կոշիկը նետի Ահմադինեժադի վրա:
Դա մի ժեստ է, որը մուսուլմանական երկրներում վկայում է մարդու հանդեպ չափազանց անհարգալից վերաբերմունքի մասին: Սակայն Ահմադինեժադի թիկնապահները չեզոքացրել են օրինախախտին, ինչից հետո նախագահը հանգիստ նստել է իր ավտոմեքենան:
Ահմադինեժադը Եգիպտոս է ժամանել Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ, նախկին ԻԿԿ) անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Դա հանդիսացավ Իրանի նախագահի առաջին եգիպտական այցը վերջին 33 տարիների ընթացքում (Իրանում Իսլամական հեղափոխության անցկացումից հետո):